ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Ուժի մեջ է՝ 28 օգոստոսի, 2026 թ. · Վերջին թարմացումը՝ 28 օգոստոսի, 2026 թ.
ԲԱԺԻՆ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ԳԼՈՒԽ 1. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐ
1.Սույն ընդհանուր պայմաններով կարգավորվում են անշարժ գույքի կառավարման և ծառայությունների մատուցման համալիր պայմանագրի (այսուհետ նաև Պայմանագիր) կողմերի միջև պայմանագրերի կնքման, ծառայությունների մատուցման, փոխադարձ ծանուցումների, վճարումների կատարման և այդ գործընթացում առաջացող մյուս հարաբերությունները:
Սույն ընդհանուր պայմաններով սահմանված դրույթները միաժամանակ հանդիսանում են Պայմանագրի էական պայմանները, որոնք կողմերի միջև պայմանագրային հարաբերությունների առկայության վերաբերյալ վկայագրի (այսուհետ նաև` Վկայագիր) հետ կազմում են Պայմանագիրը։
2.Պայմանագրի առարկա հանդիսացող հարաբերությունները կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, այլ նորմատիվ իրավական ակտերով, Վկայագրով և սույն ընդհանուր պայմաններով։ Ընդ որում, այն դեպքում, երբ Օգտատերերի համար սույն ընդհանուր պայմաններով նախատեսված են օրենքով սահմանվածի համեմատ այլ պայմաններ` ներառյալ որոշակի գործողությունների իրականացման առավել կարճ ժամկետներ, ապա Օգտատերերն այդ մասով առաջնորդվում են սույն ընդհանուր պայմաններով:
3.Սույն ընդհանուր պայմաններում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստը`
1)Ընկերություն՝ «Ռենթի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն
2)Օգտատեր՝ Ընկերության հետ ծառայությունների մատուցման Պայմանագիր կնքած ֆիզիկական կամ իրավաբանական անձ (համատեղ հիշատակման դեպքում նաև կողմեր, առանձին հիշատակման դեպքում Կողմ 1 և Կողմ 2)
3)Կողմ 1՝ գույքը կառավարման հանձնող, Տարածքի Տեխնիկական Համակարգող, ֆիզիկական կամ իրավաբանական անձ՝ գույքի սեփականատեր
4)Կողմ 2՝ գույքը կառավարման ընդունող ֆիզիկական կամ իրավաբանական անձ, գույքը օգտագործող, հաճախորդ
5)«Rentie» հարթակ, «Ռենթի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, որը հանդիսանում է թվային հարթակի, PropTech լուծումների և սերվիսային կառավարման օպերատոր,
4.Պայմանագրում օգտագործվող՝ սույն ընդհանուր պայմաններով չնախատեսված այլ հասկացություններն ունեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքում և այլ նորմատիվ իրավական ակտերում կիրառվող նշանակությունը, եթե կոնկրետ դրույթի բովանդակությունից չի բխում դրա օգտագործման այլ իմաստ։
5.Սույն ընդհանուր պայմանները կարող են փոփոխվել, վերացվել կամ լրացվել բացառապես Ընկերության կողմից։
Ընկերությունն իրավունք ունի միակողմանիորեն փոփոխել և լրացնել սույն Ընդհանուր պայմանները և սակագները: Փոփոխված պայմաններն ուժի մեջ են մտնում Ընկերության կայքում կամ բջջային հավելվածում հրապարակվելուց և Օգտատիրոջը ծանուցվելուց հետո՝ 5 (հինգ) օրացուցային Օրվա ընթացքում: Օգտատիրոջ կողմից 5 (հինգ) օրացուցային Օրվա ընթացքում պայմանագրի լուծման մասին գրավոր պահանջ չներկայացնելու դեպքում փոփոխություններն անվերապահորեն համարվում են ընդունված, ինչպես նաև օգտատիրոջ կողմից փոփոխված պայմաններին իր համաձայնությունը տրված (սույն կետով նշված փոփոխությունները կարող են կիրառվել մինչ այդ կնքված պայմանագրերի նկատմամբ միայն պայմանագրի գնի վերաբերյալ փոփոխություններին)։
Սույն ընդհանուր պայմաններում Ընկերության կողմից կատարվող փոփոխությունների, այդ թվում՝ որոշակի պայմաններ վերացնելու և լրացումների, վերաբերյալ Ընկերության կողմից իրազեկումները (առաջարկներ) և դրանց վերաբերյալ Օգտատիրոջ կողմից համաձայնություն հայտնելը կատարվում են Պայմանագիրը կնքելու կարգի վերաբերյալ սույն ընդհանուր պայմաններում սահմանված կարգով:
6.Սույն ընդհանուր պայմաններով սահմանված օրերը համարվում են օրացուցային օր:
ԳԼՈՒԽ 2. ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԸ
7.Սույն ընդհանուր պայմանների իմաստով պատշաճ հաղորդակցության միջոց է համարվում էլեկտրոնային փոստի հասցեն կամ support@rentie.am ինտերնետային կայքէջի կամ համանուն բջջային հավելվածի հաղորդագրությունների ուղարկման և ստացման համապատասխան գործիքները՝
1)Օգտատերերի համար՝ Ընկերության նախընտրությամբ հաղորդակցության հետևյալ տարբերակները կամ դրանցից մեկը՝
ա.Օգտատիրոջ կողմից տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեն
բ.rentie.am ինտերնետային կայքի կամ Օգտատիրոջ կողմից ներբեռնված համանուն բջջային հավելվածի միջոցով ուղարկված հաղորդագրությունները
2)Ընկերության համար՝ Օգտագիրոջ նախընտրությամբ հաղորդակցության հետևյալ տարբերակներից մեկը՝
ա.էլեկտրոնային փոստի հասցե՝ support@rentie.am
բ.rentie.am ինտերնետային կայքի կամ Օգտատիրոջ կողմից ներբեռնված համանուն բջջային հավելվածի միջոցով ուղարկված հաղորդագրությունները։
8.Ընկերության կողմից ուղարկվող փաստաթղթերը, ծանուցումները, իրազեկումները և ցանկացած այլ հաղորդակցությունը (այսուհետև նաև՝ բոլորը միասին Հաղորդակցություն) Օգտագիրոջ կողմից համարվում են պատշաճ ստացված, և Օգտատիրոջ կողմից որոշակի գործողություններ կատարելու համար սահմանված ժամկետները սկսվում են հաշվարկվել 7-րդ կետում նախատեսված եղանակներից որևէ մեկով ուղարկելու դեպքում՝ այն ուղարկվելու օրվանից։
Օգտատիրոջ կողմից 7-րդ կետում նախատեսված պատշաճ եղանակներից որևէ մեկով Ընկերությանը ուղարկած Հաղորդակցությունը համարվում են պատշաճ ստացված, և Ընկերության կողմից որոշակի գործողություններ կատարելու համար սահմանված ժամկետները սկսվում են հաշվարկվել ստացվելու օրվանից:
9.Հաղորդակցությունը ուղարկելու, ստացվելու և փոխանակվելու փաստը հավաստող փաստաթղթեր և (կամ) նյութեր են համարվում՝
1)Հաղորդակցությունը էլեկտրոնային փոստով իրականացնելու դեպքում՝ համակարգչում և (կամ) փոստային սերվերում պահպանված՝ ուղարկված էլեկտրոնային ծանուցումը, որտեղ պետք է հստակ տեսանելի լինի, թե ում, երբ և ինչ տեղեկատվություն է ուղարկվել,
2)Հաղորդակցությունը Վստահորդի անվամբ ինտերնետային կայքում կամ բջջային հավելվածում ստեղծված համապատասխան բաժնում տեղադրելու եղականով իրակա-նացվելու դեպքում՝ համակարգչի կամ սերվերի վրա ծանուցումը տեղադրելը, ընթերցելը և դրանց ժամկետները հավաստող լոգերը, Սույն կետով նախատեսված՝ Հաղորդակցության ուղարկման, ստացման կամ փոխանակման փաստը հավաստող փաստաթղթերը կամ նյութերը պահպանվում են դրանց ստեղծման օրվանից առնվազն երեք տարի ժամկետով, իսկ դրանք չպահպանելու բացասական հետևանքների ռիսկը կրում է Հաղորդակցության ուղարկման, ստացման կամ փոխանակման փաստը վիճարկող և տվյալ փաստը հավաստող ապացույց ներկայացնելու պարտականություն ունեցող անձը:
10.Օգտատերը պարտավոր է Ընկերությանն անհապաղ հայտնել Հաղորդակցության իրականացման համար իր ծանուցման հասցեի, ինչպես նաև բջջային հեռախոսահամարի, էլեկտրոնային փոստի հասցեի կամ հաղորդակցության այլ միջոցի փոփոխության մասին, հակառակ դեպքում՝ Հաղորդակցությունը իրականացվում է նախկինում տրամադրված ծանուցման հասցեով և անկախ այն ստացված լինելու կամ չլինելու հանգամանքից՝ Հաղորդակցությունը համարվում է պատշաճ հանձնված:
11.Պայմանագրի կնքման և կատարման հետ կապված ցանկացած գործընթացի շրջանակներում ներկայացված և (կամ) կիրառվող փաստաթղթերում պարունակվող տվյալները համարվում են հավաստի, քանի դեռ օրենքով սահմանված կարգով այլ փաստ չի հաստատվել:
Ընկերությունը Օգտատիրոջ և այլ անձանց հետ փոխհարաբերություններում չի կարող պատասխանատվություն կրել Օգտատիրոջ կողմից տրամադրված կամ ներկայացված փաստաթղթերի, տեղեկությունների և ցանկացած այլ տվյալների իսկության, լիարժեքության և հավաստիության համար:
12.Պայմանագրի կնքմամբ Օգտատերը տալիս է իր համաձայնությունը և թույլտվությունը Ընկերության կողմից Պայմանագրի կնքման և գործողության ընթացքում, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում՝ Պայմանագրի գործողության ավարտից հետո միմյանց միջև կամ երրորդ անձանց հետ ցանկացած եղանակով և կրիչի վրա շրջանառել (ստանալ և տրամադրել) իր կամ իր գույքի վերաբերյալ ցանկացած փաստաթուղթ, տեղեկություն կամ այլ նյութ, իսկ դրանցում Պայմանագրի կատարման համար նշանակություն ունեցող անձանցից բացի այլ ֆիզիկական անձանց վերաբերյալ ակնհայտ գաղտնիք պարունակող պատկերներ պարունակվելու դեպքում տվյալ մասը պետք է տեխնիկական եղանակով անհասանելի դարձվի հասցեատերերի համար:
13.Հաղորդակցությունը սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում համապա-տասխան ժամկետները կետանցած անձը զրկվում է մյուս կողմից իր պարտավորություն-ների կատարումը պահանջելու իրավունքից և (կամ) կրում է չտեղեկացման համար սահմանված բացասական հետևանքները, բացառությամբ այն դեպքերի, երբ ժամկետի բացթողումը սույն ընդհանուր պայմաններով սահմանված հիմքերով հարգելի է ճանաչվում Հաղորդակցությունը ստացած անձի կողմից կամ դատական կարգով:
Ժամկետի բացթողումը հարգելի է ճանաչվում, եթե ժամկետները բաց թողած անձն ապացուցում է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության փաստը.
1)ժամկետի բացթողնման պատճառ է հանդիսացել այնպիսի իրավիճակը կամ այնպիսի հանգամանքների առկայությունը, որն օբյեկտիվորեն անհնարին է դարձրել սահմանված ժամկետում Հաղորդակցության ներկայացնումը կամ տեղեկացման պարտավորության կատարումը
2)Հաղորդակցությունը ներկայացվել է կամ տեղեկացման պարտավորությունը կատարվել է սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված հանգամանքները վերանալուց հետո՝ համապատասխան գործողության կատարման համար սահմանված ժամկետում:
3)Կողմերի կողմից մինչև առանձին պայմանագրերով սահմանված և կողմերի կողմից հաստատված ժամկետների լրանալը ծառայությունների մատուցման պայմանագրից հրաժարվելու դեպքում պայմանագրով նախատեսված սերվիսային վճարները չեն վերադարձվում։
ԲԱԺԻՆ 2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ԳԼՈՒԽ 3. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
Պայմանագրի առարկա են համարվում անշարժ գույքի կառավարման հետ կապված հարաբերությունները, դրանց կարգավորումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ Գույքի ժամանակավոր մուտքի և հասանելիություն տրամադրում, և համապատասխան ենթակառուցվածքային սպասարկում Գույքի սերվիսային տարածքում (այսուհետ՝ Տարածք), ինչպես նաև մատուցում են փաթեթային թվային և տեխնիկական ծառայություններ (ներառյալ Rentie բջջային հավելվածի/հարթակի միջոցով հայտեր ներկայացնել, գույքի ֆոտոֆիքսացիայի գործիքներ, գույքի օգտագործման մասին տեղեկատվության փոխանակում, տեխնիկական սպասարկման հայտերի բացում, կոմունալ ենթակառուցվածքների կառավարում), իսկ Կողմ 2-ը պարտավորվում է ընդունել ծառայությունները և վճարել սահմանված սերվիսային վճարը։
Սույն պայմանագրի և հիմնական պայմանների համաձայն կառավարման կարող են հանձնվել հողամասեր շենքեր, շինություններ և այլ գույք, որոնք օգտագործման ընթացքում չեն կորցնում իրենց բնական հատկությունները (չսպառվող գույք):
Գույքի կառավարման վերաբերյալ կազմվող փաստաթղթերում պետք է նշվեն տվյալներ, որոնք թույլ են տալիս որոշակիորեն սահմանել այն գույքը, որը որպես կառավարման օբյեկտ հանձնվում է Կողմ 2-ին:
Կողմերը հաստատում և փոխադարձաբար համաձայնում են, որ սույն Պայմանագիրը չի հանդիսանում ՀՀ քաղաքացիական օրենսգրքով կամ բնակարանային ֆոնդի օրենսդրությամբ կարգավորվող վարձակալության կամ բնակելի տարածքի վարձակալության պայմանագիր, այլ հանդիսանում է հարթակի միջոցով մատուցվող ծառայությունների, թվային ենթակառուցվածքների օգտագործման և կոմպլեքսային սերվիսային սպասարկման պայմանագիր (հյուրանոցային /իննովացիոն սերվիսային ձևաչափ)։
Գույքը կառավարման հանձնելու իրավունքը պատկանում է դրա սեփականատիրոջը:
Գույքի սեփականատերը, գրանցվելով rentie.am կայքում կամ համանուն Rentie հավելվածում, անցնում է նույնականացում՝ ներկայացնելով իր և իր անձը հաստատող փաստաթղթի միաժամանակյա կատարված լուսանկարը, ինչով հաստատում է իր ինքնությունը։
Նույնականացումը անցնելուց հետո լրացնում է գույքը անհատականացնող տվյալները՝ նշելով նաև սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի համարը և ծածկագիրը:
Վերոնշյալ գործողությունները կատարելով՝ սեփականատերը տալիս է իր համաձայնությունը անշարժ գույքի կադաստրային գործից անշարժ գույքի կառավարման և ծառայությունների մատուցման համալիր պայմանագրին վերաբերելի փաստաթղթեր ստանալու հետ կապված։
Կողմերը հաստատում են, որ սույն պայմանագիրը հանդիսանում է անշարժ գույքի կառավարման և ծառայությունների մատուցման համալիր պայմանագիր, և չի հանդիսանում ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված՝ նոտարական վավերացում պահանջող և դրանից ծագող իրավունքերի պետական գրանցում նախատեսող պայմանագիր։
Գույքի կառավարման հանձնելու ժամկետը սահմանվում է նվազագույնը 6/վեց/, առավելագույնը 12/տասներու/ ամիս ժամկետով:
Եթե առավելագույն ժամկետը լրանալուց հետո Օգտատերերից ոչ մեկը չի դիմում անշարժ գույքի կառավարման և ծառայությունների մատուցման համալիր պայմանագիրը դադարեցնելու խնդրանքով, այն համարվում է երկարաձգվածնույն ժամկետով, ինչ ժամկետով կնքված է եղել սկզբնական պայմանագիրը։
Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի ցանկացած ժամանակ հրաժարվելու անշարժ գույքի կառավարման և ծառայությունների մատուցման համալիր պայմանագրից, այդ մասին մյուս կողմին 45 օր առաջ տեղեկացնելով, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
Ընկերության կողմից կարող է սահմանվել տեղեկացման այլ ժամկետ, առանց օգտատերերի համաձայնությունը ստանալու:
Կողմ 1-ը պարտավոր է գույքը Կողմ 2-ին տրամադրել գույքը կառավարման հանձնելու պայմանագրի պայմաններին և գույքի նշանակությանը համապատասխանող վիճակում:
1.Կողմ 1-ը պատասխանատվություն է կրում կառավարման հանձնված գույքի օգտագործմանը լրիվ կամ մասնակիորեն խոչընդոտող թերությունների համար, եթե նույնիսկ անշարժ գույքի կառավարման և ծառայությունների մատուցման համալիր պայմանագիրը կնքելիս նա չի իմացել այդ թերությունների մասին:
Այդպիսի թերություններ ի հայտ գալու պարագայում հարցը կարգավորվում է Կողմերի միջև կնքված առանձին պայմանագրով նախատեսված կարգով։
Սույն Պայմանագրով մատուցվող ծառայությունների և ենթակառուցվածքի հասանելիության ընդհանուր արժեքը (Սերվիսային վճար) կազմում է ամսական գույքի օգտագործման համար նախատեսված վճարի 6,4% -ի չափով( հարկերը ներառյալ) :
Կողմ 2-ը պարտավոր է որպես կանխավճար Ընկերության հաշվեհամարին վճարել դեպոզիտ՝ մեկ ամսվա սերվիսային վճարի չափով գումար, որը ընկերությունը կարող է օգտագործել Կողմ 2-ի կողմից պայմանագրով նախատեսված վճարումները չկատարելու դեպքում։
Գույքը կառավարման հանձնելիս Կողմ 1-ը պարտավոր է ընկերությանը նախազգուշացնել կառավարման հանձնվող գույքի նկատմամբ երրորդ անձանց բոլոր իրավունքների (գրավի իրավունք, սերվիտուտ և այլն) մասին, ինչի մասին կատարում է գրառում գույքի անհատականացման վերաբերյալ տեղեկությունները նշելիս, ինչով և տալիս է իր համաձայնությունը Ընկերության կողմից կադաստրային գործից նաև դրա վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր ստանալու հետ կապված:
Կողմ 2-ը պարտավոր է ժամանակին կատարել գույքն օգտագործելու համար նախատեսված վճարը (սերվիսային վճար), այն փոխանցելով Ընկերության (Rentie) բանկային հաշվեհամարին, որը Կողմերի միջև կնքված պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում փոխանցվում է Կողմ 1-ին, օրենքով սահմանված հարկերը և այլ պահումները հաշվանցելուց հետո:
Սերվիսային վճարը մուծելու կարգը, պայմանները և ժամկետները որոշվում են կողմերի միջև կնքված առանձին պայմանագրերով:
Սերվիսային վճարը սահմանվում է կառավարման հանձնված ամբողջ գույքի կամ դրա յուրաքանչյուր բաղկացուցիչ մասի վերաբերյալ` սույն պայմանագրին միանալու պահին կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը համաձայն։
Սերվիսային վճարի չափը կարող է փոփոխվել կողմերի համաձայնությամբ պայմանագրով նախատեսված ժամկետներում, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: Օրենքով կարող են նախատեսվել կառավարման առանձին տեսակների, ինչպես նաև գույքի առանձին տեսակների կառավարման համար վճարի չափի վերանայման նվազագույն ժամկետներ:
Կողմ 2-ի կողմից վճարը վճարելու ժամկետների էական խախտում է համարվում այն պայմանագրում նախատեսված ժամկետի ավարտից հետո 3-օրյա ժամկետում չվճարելը։
Նման պայմաններում Ընկերությունը կարող է Կողմ 2-ի կողմից գույքի օգտագործումն ու տիրապետումը համարել անօրինական և միջոցներ ձեռնարկել անօրինական օգտագործումն ու տիրապետումը դադարեցնելու ուղղությամբ (ողջամիտ գործողությունների ոչ սպառիչ ցանկը նախատեսված է սույն ընդհանուր պայմաններով և անշարժ գույքի կառավարման և ծառայությունների մատուցման համալիր պայմանագրով, ինչպես նաև կողմերի միջև կնքված առանձին պայմանագրերով)։
Վճարների ժամանակին չկատարման կամ ուշացման դեպքում Ընկերությունն իրավունք ունի ավտոմատ կերպով, առանց լրացուցիչ ծանուցման, արգելափակել Կողմ 2-ի մուտքը Rentie թվային հարթակ և կասեցնել լրացուցիչ սերվիսային ծառայությունների մատուցումը։
Այն դեպքում, երբ Կողմ 2-ը սահմանված ժամկետում (մինչև 3-րդ օրը) չի կատարում վճարումը, Ընկերությունն իրավունք ունի անհապաղ և առանց լրացուցիչ համաձայնության բռնագանձել (օգտագործել) Կողմ 2-ի կողմից նախապես մուծված դեպոզիտից անհրաժեշտ գումարը՝ Առաջնահերթ վճարումը Կողմ 1-ին փոխանցելու նպատակով, ինչը Ընկերության կողմից կատարվում է սերվիսային վճարը չվճարելու հենց 1-ին օրը:
Կողմ 2-ը պարտավոր է օգտագործման հանձնված գույքն օգտագործել պայմանագրի պայմաններին համապատասխան:
Օգտագործման հանձնված գույքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն այլ անձի հիմք չէ օգտագործման պայմանագիրը լուծելու կամ փոփոխելու համար, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
Անշարժ գույք կառավարման հանձնած քաղաքացու մահվան դեպքում պայմանագրով նրա իրավունքները և պարտականությունները փոխանցվում են ժառանգին, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Կողմ 2-ը իրավունք չունի մերժելու այդպիսի ժառանգին պայմանագրի կողմ դառնալու մնացած ժամկետում, բացառությամբ, եթե պայմանագիր կնքելը պայմանավորված է եղել Կողմ 1-ի անհատական հատկանիշներով:
Կողմ 1-ի պահանջով գույքի օգտագործման պայմանագիրը կարող է վաղաժամկետ լուծվել, եթե Կողմ 2-ը`
1)գույքն օգտագործել է պայմանագրի պայմանների կամ գույքի նշանակության էական կամ բազմակի խախտումներով.
2)էականորեն վատթարացրել է գույքի վիճակը.
3)պայմանագրով սահմանված վճարման ժամկետը լրանալուց հետո մեկ ամիս/30 օր/ չի մուծել գույքի սերվիսային վճարը.
Նոր ժամկետով պայմանագիր կնքելիս դրա պայմանները Ընկերության կողմից կարող են փոփոխվել, առանց Կողմերի համաձայնությունը ստանալու:
Եթե պայմանագրի ժամկետի ավարտից հետո Կողմ 2-ը, Կողմ 1-ի կամ ընկերության առարկությունների բացակայությամբ, շարունակում է օգտվել գույքից, պայմանագիրը ճանաչվում է վերսկսված` նույն պայմաններով, նախորդ պայմանագրով նախատեսված ժամկետով։
Պայմանագիրը դադարելու դեպքում Կողմ 2-ը պարտավոր է Կողմ 1-ին վերադարձնել գույքն իր կողմից ստացված վիճակում` բնականոն մաշվածության հաշվառմամբ կամ պայմանագրով նախատեսված վիճակում:
Եթե Կողմ 2-ը չի վերադարձրել գույքը կամ այն վերադարձրել է ժամկետի խախտմամբ, Ընկերությանը վճարում է սերվիսային վճար՝ կետանցի ամբողջ ժամկետի համար: Եթե նման վճարը լիովին չի մարում Ընկերությանը և Կողմ 1-ին պատճառված վնասները, Կողմ 2-ը պարտավոր է վճարել դրանց մնացած մասը:
3.Եթե օգտագործման հանձնված գույքը ժամանակին չվերադարձնելու համար պայմանագրով նախատեսված է տուժանք, վնասները կարող են գանձվել տուժանքից զատ ամբողջ արժեքով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
Գույքի ամորտիզացիոն միջոցների հաշվին կատարված ինչպես բաժանելի, այնպես էլ անբաժանելի բարելավումները համարվում են սեփականտիրոջ սեփականությունը:
Անշարժ գույքի կառավարման և ծառայությունների մատուցման համալիր պայմանագիրը կնքվում է գրավոր:
Անշարժ գույքի կառավարման և ծառայությունների մատուցման համալիր պայմանագիրը, որը նախատեսում է հետագայում այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցում Կողմ 2-ին, կնքվում է այդպիսի գույքի առուվաճառքի պայմանագրի համար նախատեսված ձևով՝ Ընկերության համաձայնության առկայության դեպքում:
Օրենքով կարող են սահմանվել օգտագործման հանձնված գույքը գնելու արգելքներ:
ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)
1)Պայմանագրով ստանձնած պարտականությունները մասամբ կամ ամբողջովին չկատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա անհաղթահարելի ուժի, այսինքն` հրդեհների, ջրհեղեղների, երկրաշարժերի, պատերազմների, ռազմական գործողությունների և համանման այլ հանգամանքների հետևանք է հանդիսացել և, եթե այդ հանգամանքները Պայմանագրի կնքման պահին անկանխատեսելի բնույթ են կրել, ի հայտ են եկել պայմանագրի կնքման ամսաթվից հետո և անմիջականորեն ազդել են դրա կատարման վրա:
2)Անհաղթահարելի ուժի հանգամանքների առաջացման դեպքում Կողմերի պարտավորությունների կատարման ժամկետները հետաձգվում են այդ հանգամանքների և դրանց հետևանքների գործողության ժամանակին համաչափ: Կողմը, որի համար վերոհիշյալ պատճառներով Պայմանագրով պարտավորությունների կատարումն անհնարին է դարձել, պարտավոր է գրավոր տեղեկացնել մյուս Կողմին նման հանգամանքների առաջացման կամ վերանալու մասին 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում:
3)Եթե անհաղթահարելի ուժի գործողությունը շարունակվում է 2 (երկու) ամսվա ընթացքում, ապա Կողմերը պետք է քննարկեն Պայմանագրով ստանձնած պարտավորությունների հետագա կատարման հնարավորության կամ Պայմանագրի լուծման հարցը, այդ մասին Պայմանագրում կատարելով համապատասխան փոփոխություն կամ լրացում:
Կապ
Հարցերի դեպքում կարող եք դիմել մեզ՝ info@rentie.am։
Ռենթի ՍՊԸ, Կոմիտաս 59, Երևան, Հայաստան